
ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Վանաձորի Գրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 15-րդ հողամասը վերադարձվել է համայնքի սեփականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ Լոռու մարզի դատախազությունը, Լոռու մարզպետի գրության հիման վրա, պետական (համայնքային) շահերի պաշտպանության նպատակով գործ հարուցելու լիազորությունների շրջանակում սկսել է ստուգել Վանաձոր քաղաքի Գրանտ Մաթևոսյանի անվան այգում տարբեր անձանց միջև հողամասերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերը։ Ստուգմամբ պարզվել է, որ համայնքի տարածքում գտնվող Գրանտ Մաթևոսյանի անվան այգու հողամասերը 2000-ականների սկզբին կնքված 25 պայմանագրերի հիման վրա տրամադրվել են 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով։ Ստուգումը ցույց է տվել, որ Վանաձորի Գրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալող և փաստացի տիրապետող 22 կազմակերպություններ դրանք օգտագործում են պայմանագրերի խախտմամբ և ոչ նպատակային նշանակությամբ։ Արդյունքում այգին հայտնվել է անմխիթար վիճակում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 19-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նույնպես այցելել էր Գրանտ Մաթևոսյանի անվան այգի և մի շարք հանձնարարականներ տվել մարզի դատախազին։ Կատարված ուսումնասիրության արդյունքներով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ներկայացվել էր միջնորդություն՝ վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը լուծելու վերաբերյալ։
Միջնորդության արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 15-ին լուծվել են նաև Կ. Դեմիրճյան փողոց 25/1Մ-1 հասցեում՝ այգու տարածքում գտնվող, 526 քառակուսի մետր մակերեսով և 5 միլիոն 530 հազար դրամ կադաստրային արժեքով, որը մոտավորապես համապատասխանում է շուկայական արժեքին, ևս մեկ հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքները։ Հողամասը վերադարձվել է Վանաձոր համայնքի տիրապետմանը։
Այսօրվա դրությամբ դատախազության միջամտության արդյունքում Վանաձոր համայնքը լուծել է ընդհանուր 12 935,3 քառակուսի մետր մակերեսով հողամասերի վարձակալության և անհատույց օգտագործման 20 պայմանագիր, որոնցից 15-ը ստացել են կադաստրային գրանցում՝ 4 618,45 քառակուսի մետր մակերեսով։ Մնացած պայմանագրերի կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։