



ԱրմԻնֆո. Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Տոնգխոմանգ Արմսթրոնգ Չանգսանը հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։
Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, Սաֆարյանը շնորհավորել է Չանգսանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դիվանագետը կարևոր ներդրում կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների ու բազմաոլորտ համագործակցության հետագա խորացման գործում։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համապարփակ համագործակցության զարգացման հեռանկարները, նախանշել առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև ընդգծել առկա ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը։


