



ԱրմԻնֆո. Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի է ունեցել պատմական հանդիպում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդունվել են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հայտնում է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատունը։ Նշվում է, որ տեղի է ունեցել համատեղ աղոթք Թրամփի համար, որը աջակցել է Հայաստանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի համար։
Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան կողմից՝ Սպիտակ տան Հավատքի գրասենյակի համագործակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդները՝ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը և եպիսկոպոս Մեսրոպ Փարսամյանը, ԱՄՆ-ում Մեծի Տանն Կիլիկիո ՀԱԵ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդները՝ արքեպիսկոպոսներ Անուշավան Դանիելյանն ու Գեղամ Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայոց Կաթողիկոսության առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ, վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Ընդգծվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման կարևորությունը՝ շեշտադրելով այս գործընթացում հավատքի և հոգևոր արժեքների դերը։ Հայ հոգևոր առաջնորդները միասնական աղոթք են հնչեցրել և խնդրել Աստծո օրհնությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարեկեցության ու ապագայի, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամության համար։
Իրենց աղոթքում հոգևոր առաջնորդները նաև անդրադարձել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանում ձևավորված խաղաղ գործընթացում։


