



ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի հետ երկխոսության ընթացքում, ներկայացրել է Կոմիտեի առաջարկությունների կատարման ուղղությամբ հանրապետության կողմից իրականացվող ջանքերը։ Խոսքը, մասնավորապես, այն իրավական, ինստիտուցիոնալ և գործնական միջոցների մասին է, որոնք ուղղված են բռնի անհետացման ենթարկված անձանց և նրանց ընտանիքների անդամների հիմնական իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և արդարադատության ապահովմանը։
Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Աբիսողոմոնյանն իր ելույթում նշել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ գրանցված առաջընթացը և ընդգծել առկա խնդիրների բացահայտման ու լուծման, ինչպես նաև Կոնվենցիայի դրույթների լիարժեք և արդյունավետ իրականացման կարևորությունը։
Հաստատվել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ անհայտ կորածների և բռնի անհետացման ենթարկված անձանց հետ կապված հարցերում միջազգային գործընկերների և մարմինների հետ համագործակցությանը, կարողությունների ամրապնդմանը և կայուն իրավական հիմքի ապահովմանը։
Ուշադրություն է դարձվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և դրանում առկա՝ անհայտ կորած անձներին ու բռնի անհետացման դեպքերին վերաբերող դրույթին՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը։
Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն անկախ փորձագետներից կազմված մարմին է, որը վերահսկում է մասնակից պետությունների կողմից Բոլոր անձանց բռնի անհետացումներից պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի դրույթների կատարումը։


