



Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին" օրենքում:
Ավելի վաղ, ներկայացնելով փոփոխությունները, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ նախագծի կարգավորման նպատակը կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակության կատարելագործումն է: Առաջարկվող փոփոխությամբ երդման տեքստում առավել հստակ կարտացոլվեն պետականության ամրապնդմանը, հանրային և պետական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևմանն ուղղված արժեքները: Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել 2018թ մարտի 23-ին ընդունված «Կառավարության կառուցվածքիև գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը։ Առաջարկվող խմբագրությամբ պաշտոնը ստանձնած կառավարության անդամները կարտասանեն հետեւյալ երդումը․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել ՀՀ պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կառավարության անդամների կողմից տրված երդումն ավելի լիարժեք կարտացոլի պաշտոնը ստանձնելու հետ կապված պատասխանատվության շրջանակը և պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները: Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


