



ԱրմԻնֆո. Գերմանիայի Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել են XX դարի աղետը հաստատող փաստաթղթերին և վկայություններին։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և պաշտոնապես դատապարտել այդ գործողությունները։ Բանաձևին «դեմ» է քվեարկել Բունդեսթագի միայն մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել։ Օրակարգի կետը կոչվում էր՝ «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին»։ Բանաձևում նշվում է Գերմանիայի կառավարության կողմից պատմական իրադարձությունների համար իր պատասխանատվության բաժնի ճանաչման, ինչպես նաև 1915 թվականի ողբերգական իրադարձությունների՝ հայերի տեղահանության և սպանությունների՝ որպես ցեղասպանության ճանաչման մասին։ Բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին՝ հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ։


