



ԱրմԻնֆո. Հայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքին վերադարձվել է 89,1 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 2 տարածք, որոնք գտնվում են Ենոքավան գյուղի վարչական շենքում։ Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Տավուշի մարզի դատախազությունը՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 3-ին Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ենոքավան համայնքի իրավահաջորդի և մեկ անձի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի մայիսի 10-ին անցկացված աճուրդային վաճառքները և վերացնել դրանից բխող հետևանքները։ Գործի քննության ընթացքում առաջարկվել է կնքել հաշտության համաձայնություն, որը հաստատվել է դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ։
Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնության հիման վրա 2026 թվականի սեպտեմբերի 11-ին և 14-ին գրանցվել են համապատասխանաբար 63,4 քառակուսի մետր և 25,7 քառակուսի մետր մակերեսով տարածքների նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքները։


