
ԱրմԻնֆո. «Bloomsbury» հրատարակչությունը պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մատոսյանի և ցեղասպանագիտության մասնագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Ղազոյանի խմբագրությամբ հրատարակել է «Հայոց ցեղասպանության համակենտրոնացման ճամբարները» (The Concentration Camps of the Armenian Genocide) ժողովածուն։
Ինչպես Ղազոյանը հայտնել է Facebook-ի իր էջում, հրատարակության ծավալը 500 էջ է։ «Գիրքը հրատարակվել է «Հայերը ժամանակակից և վաղ նոր ժամանակների աշխարհում» (Armenians in the Modern and Early Modern World) գրքերի շարքի շրջանակում, որի խմբագիրը Նեբրասկայի համալսարանի (Լինքոլն) պրոֆեսոր Բեդրոս Դեր-Մատոսյանն է։ Չնայած վերջին տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններում գրանցված զգալի առաջընթացին՝ Օսմանյան իշխանությունների ստեղծած համակենտրոնացման ճամբարների համակարգը, հատկապես ժամանակակից Սիրիայի տարածքում, մինչ օրս շարունակում է մնալ ոչ բավարար ուսումնասիրված», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ սա առաջին ժողովածուն է, որը ներկայացնում է այդ ճամբարների համակողմանի և խորքային ուսումնասիրությունը։ Ղազոյանը նշել է, որ ժողովածուում ուսումնասիրվում են ճամբարային համակարգի ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև փաստագրվում են Դեյր-էզ-Զորում, Ռաս-էլ-Այնում, Մեսքենեում (համակենտրոնացման ճամբարների հիմնական կենտրոնները - խմբ.) և այլ վայրերում կատարված հանցագործությունները։
Ինչպես պատմել է Ղազոյանը, ժողովածուն ներառում է քսանմեկ գլուխ, որոնց հեղինակներն են Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Լիբանանի և Ավստրալիայի պատմաբաններն ու հասարակագետները։ Նրա խոսքով՝ առանձնահատուկ տեղ է հատկացված ցեղասպանությունը վերապրածների վկայություններին. նրանց հուշագրություններն ու օրագրերը փաստագրում են տեղահանության և ճամբարներում գտնվելու ընթացքում ձեռք բերած փորձը։
«Այս հատորի պատմությունը սկսվեց 2023 թվականին, երբ ես և Բեդրոս Դեր-Մատոսյանը քննարկում էինք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ որպես գիտական հաստատության զարգացման հեռանկարները։ Մենք որոշեցինք զբաղվել նաև միջազգային հրատարակություններով և սկսեցինք մի քանի ամիս առաջ տեղի ունեցած համաժողովի թեմայից։ Մեր նպատակն էր ամեն տարի անցկացնել որևէ կարևոր, սակայն համեմատաբար քիչ ուսումնասիրված թեմային նվիրված համաժողով, այնուհետև համաժողովի նյութերի հիման վրա հրատարակել համապատասխան հատոր։ Հատկապես ուրախ էի, որ այս հատորում պետք է ներառվեին իմ բազմաթիվ գործընկերների ուսումնասիրությունները. վերջապես մեր ձայնը պետք է լսելի դառնար», - գրել է Ղազոյանը։
Նշվում է, որ նախագիծն իրականացվել է Ֆրիդմանի հիմնադրամի, Հայմեն Ռոզենբերգի անվան պրոֆեսորական ծրագրի և Նեբրասկայի համալսարանի (Լինքոլն) պատմության ամբիոնի աջակցությամբ։