
ԱրմԻնֆո. Երևանում ներկայացվել է «Արցախի մշակույթի թվային տուն» թվային հարթակը՝ artsakhian.org, որը ստեղծվել է Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման և հանրահռչակման նպատակով։
ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության համաձայն՝ հարթակը ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո խաթարվել է նաև մշակութային ժառանգության փոխանցման բնական շարունակականությունը։ Բարբառը, բանահյուսությունը, ծեսերն ու սովորույթները, երգերն ու երաժշտությունը, ավանդական գիտելիքները, ինչպես նաև առօրյա մշակույթի բազմաթիվ դրսևորումները, որոնք սերնդեսերունդ փոխանցվում էին իրենց բնական միջավայրում, այսօր հատկապես ունեն պահպանման և փաստագրման կարիք։
"Մեզ համար կարևոր էր, որ Արցախը թվային տարածքում ներկայացված լինի իր ստեղծած մշակույթի միջոցով։ Այս թվային տանը ամեն ինչ փոխկապակցված է՝ լեզուն, հիշողությունը, մարդիկ, պատմությունները։ Արցախի մշակույթն այստեղ ներկայացված է ոչ թե որպես անցյալի փակ էջ, այլ որպես կենդանի մշակույթ", - նշել է «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն, ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
«Արցախի մշակույթի թվային տուն» հարթակի կառուցվածքը ձևավորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հինգ հիմնական ոլորտների հիման վրա։ Այն ներառում է Արցախի բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստները, ծեսերն ու տոները, բնության վերաբերյալ ավանդական գիտելիքները, ինչպես նաև ավանդական արհեստները։ Հարթակը միաժամանակ հանդես է գալիս որպես թվային շտեմարան՝ ներառելով գրադարան, տեսադարան, լուսանկարների արխիվ, ձայնադարան և բառարան։
Հարթակի ստեղծմանը մասնակցած գիտական թիմի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը հատկապես ընդգծեց այս աշխատանքի նշանակությունը՝ Արցախի մշակութային ժառանգության առջև այսօր ծառացած սպառնալիքների համատեքստում։ "Վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանը միջազգային հանրության լուռ համաձայնությամբ իրականացնում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն՝ ուղղված Արցախում հայկական ներկայության ջնջմանը, այս հարթակը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու մեր հայրենիքը և ապահովելու, որ Արցախի պատմությունը՝ դրա յուրաքանչյուր էջը, բաց մնա բոլորիս համար և երբեք չփակվի", - ասել է Հովհաննիսյանը։
Ներկայացման ընթացքում ներկայացվել են հարթակի ստեղծման գաղափարը, դրա կառուցվածքը, բովանդակության ձևավորման սկզբունքները և հետագա զարգացման ուղղությունները։ Նախաձեռնության հեղինակները նաև կոչ են արել արցախցիներին, հետազոտողներին և անձնական արխիվներ ունեցող ընտանիքներին կիսվել իրենց մոտ պահպանված լուսանկարներով, տեսագրություններով, ձայնանյութերով, պատմություններով և այլ նյութերով՝ այդպիսով նպաստելով Արցախի մշակութային հիշողության պահպանմանը։
Հարթակի վերաբերյալ իր մասնագիտական գնահատականում պատմաբան և մշակութաբան Համլետ Պետրոսյանն ընդգծել է գիտական ճշգրտության և մասնագիտական պատասխանատվության կարևորությունը։ "Մեր հաջողությունն այն է, որ կարողանանք մանրամասն, ճշգրիտ և անաչառ ներկայացնել մեր մշակույթը։ Այս ծանր պայմաններում մասնագիտական մոտեցումը նաև բարոյական չափանիշ է։ Այս հարթակը եզակի աշխատանք է, և ես իսկապես հիացած եմ արվածով", - նշել է Պետրոսյանը։ Հարթակի աշխատանքը չի ավարտվում հանրային ներկայացմամբ. «Արցախի մշակույթի թվային տունը» մտնում է զարգացման նոր փուլ։ Նախատեսվում է հետևողականորեն համալրել դրա բովանդակությունն ու թվային շտեմարանները, ներգրավել նոր գիտական և անձնական արխիվներ, բանավոր վկայություններ և այլ նյութեր։ Ծրագրի նպատակն է հարթակը դարձնել անընդհատ զարգացող, բաց և վստահելի գիտելիքի աղբյուր, որը կպահպանի Արցախի կենդանի մշակութային հիշողությունը և կփոխանցի այն հաջորդ սերունդներին։