



ԱրմԻնֆո. Երևանում մեկնարկել է Համահայկական «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։
Նիստին մասնակցում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, կառավարության և հոգաբարձուների խորհրդի անդամները, այլ պաշտոնատար անձինք։
Դիմելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ նախագահը նշեց, որ միջոցառմանը մասնակցում են նաև սփյուռքի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ նիստին մասնակցում է հոգաբարձուների խորհրդի 20 անդամ, որոնցից 8-ը՝ հեռավար ձևաչափով։
Նշենք, որ բուն նիստն անցկացվում է դռնփակ ռեժիմով։ Լրագրողներին թույլատրվել է ներկա գտնվել միայն միջոցառման բացման արարողությանը։
Հիշեցնենք, որ հիմնադրամը հիմնադրվել է 1992 թվականին՝ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Այն կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը գլխավորում է Հայաստանի գործող նախագահը, ինչպես նաև գործադիր կոմիտեի կողմից։ Ունի 19 մասնաճյուղ և գործընկեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են դրամահավաքով և տեղակայված են ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ավստրալիայում, Եվրոպայում, Հայաստանում, Լիբանանում և Կիպրոսում։ Անցկացնում է բարեգործական հեռուստամարաթոններ Լոս Անջելեսում (1996 թվականից), ինչպես նաև Եվրոպայում, Արգենտինայում և Ուրուգվայում։ Հիմնադրամն իրականացրել է ավելի քան 1500 ծրագիր։


