



ԱրմԻնֆո. Ավարտվել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի մեջ ներգրավված է Սևանի համայնքի նախկին ղեկավարը։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սևանի համայնքի նախկին ղեկավար Ռ.Գ.-ի (Ռուդիկ Ղուկասյան՝ խմբ.) կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Գ.-ն, որը Սևանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 3-ը, նույն համայնքի ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող երկու անձանց աջակցությամբ, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, 2015 թվականի օգոստոսի 26-ին Սևան համայնքին պատկանող, հանրային նշանակության անշարժ գույքը, որն այդ պահին գնահատվում էր 18 միլիոն 940 հազար դրամ, ավագանու անդամներից մեկի մորը վաճառել է շուկայական արժեքից զգալիորեն ցածր՝ 5 միլիոն 200 հազար դրամ գնով։ Նշված գործողությունների հետևանքով Սևան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 13 միլիոն 740 հազար դրամի գույքային վնաս։
Նախաքննության ընթացքում Սևանի համայնքի նախկին ղեկավար Ռ.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել իրեն վստահված գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելու մեղադրանքով, 11 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու մեղադրանքով, ևս մեկ անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակությանն օժանդակելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։
Քրեական գործն ուղարկվել է վերահսկող մարմին՝ մեղադրական եզրակացության հետ միասին։


