



Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում սկսվել են տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի թեկնածության շուրջ քննարկումները:
Ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը: Նրա կենսագրությունը ներկայացրել է "ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը:
Իր ելույթում թեկնածուն նշել է, որ Ազգային ժողովը միայն օրենսդիր մարմին չէ։ Շատ կարևոր է իրականացնել նաև վերահսկողական գործառույթներ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է խոշոր ծրագրերի իրականացմանը։ Ռուբեն Մխիթարյանը նաև նշել է, որ երբ խոսքը վերաբերում է դպրոցներ կամ ջրատարներ կառուցելուն, իշխանությունն ամեն ինչ վերագրում է իրեն, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ և այլ խնդիրների լուծման համար հատկացումներ անում է ողջ ժողովուրդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ պաշտոնի համար առաջադրվել էին պատգամավորներ Դավիթ Ղազինյանը և Իրինա Յոլյանը, սակայն "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը դեմ էր քվեարկել նրանց թեկնածություններին: Սա միակ հանձնաժողովն է, որի նախագահ մինչ օրս չի ընտրվել։


