
Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հաղորդագրության համաձայն, «Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:
Հաջորդիվ «Մատենադարանում» ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին և դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:
Նշենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են բռնազավթված Արցախ: Եղել ենք Շուշիում և Ստեփանակերտում, որտեղ ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը ջնջում է հայկական ողջ ներկայությունը, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ներքո ։ Այնուհետև նրանք այցելել են Դադիվանք և Գանձասար Հայկական վանքեր և հիացմունքով լսել Ադրբեջանի նախագահի օգնական Խիկմետ Գաջիևի հեքիաթներն այն մասին, թե, իբր, դրանք Աղվանական սրբավայրեր են։ Մասնակիցների թվում էր նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով նույնխես ականատես է եղել Ադրբեջանի նախագահի օգնականի շոուին: Վերջինս, մասնավորապես, փորձել է Հայաստանին մեղադրել պատմությունը կեղծելու համար, իսկ դրա համար գործիք է ընտրել գրավյալ Գանձասարի թանգարանում ցուցադրված հին ձեռագրերի մակետները։