



ԱրմԻնֆո. Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում հայտնաբերվել է սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (NCDC)։
Ըստ աղբյուրի՝ Ծավ բնակավայրի բնակիչներից մեկից ահազանգ է ստացվել ջրում մետաղական զանգվածների առկայության վերաբերյալ։ NCDC-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները ջրի նմուշ են վերցրել բնակչի տանը։ Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ նմուշում հայտնաբերվել է սնդիկի պարունակության թույլատրելի մակարդակի գերազանցում։
Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև այն փաստը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին հայտնաբերվել, կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետերում, այդ թվում՝ ջրամատակարարման աղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքների համաձայն՝ կրկին արձանագրվել են նույնանման ցուցանիշներ։ Բոլոր համապատասխան մարմինները տեղեկացվել են արձանագրված շեղման մասին՝ բնակչության ջրամատակարարման կարիքներն ապահովելու նպատակով։
"Մինչև ջրի որակի վերականգնումը կոչ ենք անում Ծավ բնակավայրի բնակիչներին ձեռնպահ մնալ այն խմելու և կենցաղային կարիքների համար օգտագործելուց։ Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն կանխարգելիչ միջոցառումների շրջանակում մասնագետները կիրականացնեն տնայցեր", - ասվում է աղբյուրում։


