



ԱրմԻնֆո. Դատախազության միջամտության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» այգում գտնվող 10-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքի սեփականությանը։ Այս մասին հայտնել է վերահսկող մարմնի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է Սիսիան քաղաքի «Մայիսի 28-ի» այգում գտնվող հողատարածքները տարբեր անձանց հատկացնելու վերաբերյալ փաստաթղթերը։ Ուսումնասիրության արդյունքում
պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28-ի» այգում՝ Սիսական փողոց, 2/1 հասցեում գտնվող 0,03 հեկտար մակերեսով հողատարածքը ֆիզիկական անձին կառուցապատման իրավունքով հատկացվել է օրենքի պահանջների խախտմամբ։ Դատախազությունը Սիսիան համայնքի ղեկավարին միջնորդություն է ներկայացրել՝ միջոցներ ձեռնարկելու Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված կառուցապատման իրավունքի պայմանագիրը լուծելու ուղղությամբ։
Միջնորդության հիման վրա՝ Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կադաստրի կոմիտեն դադարեցրել է 563 հազար դրամ կադաստրային արժեքով, որը մոտավորապես համապատասխանում է շուկայական արժեքին, հողատարածքի գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողատարածքը վերադարձվել է Սիսիան համայնքի սեփականությանը։
Հարկ է նշել, որ Սիսիան համայնքի այգին զբաղեցնում է 9595,68 քառակուսի մետր տարածք, որտեղ հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել էին 17 անձի։ Դատախազության միջամտության արդյունքում առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 8 անձի տրամադրված՝ ընդհանուր 5234,48 քառակուսի մետր մակերեսով 10 հողատարածք։ 9 անձի տրամադրված 10 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։


