



ԱրմԻնֆո. Արցախում էթնիկ զտումներից հետո այս տարածաշրջանում մշակութային ցեղասպանության դրսևորումներ են նկատվում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նա նշել է, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի խումբ օտարերկրյա դիվանագետների հետ գտնվում էր էթնիկ զտումների ենթարկված Արցախում, որտեղ հայկական մշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես ալբանական։ Այս կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորը ԱԺ նախագահին հարցրել է տվյալ հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին։ «Պատրաստվո՞ւմ եք հայտարարել, որ Գանձասարը հայկական է։ Հազարավոր տղաներ զոհվել են ոչ թե նրա համար, որ այսօր դուք չկարողանաք որևէ բառ ասել այն մասին, որ Գանձասարը հայկական է», - հայտարարել է Աննա Գրիգորյանը։
Ի պատասխան՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խուսափել է առաջադրված հարցին ուղղակի պատասխանելուց։ Նա միայն նկատել է, որ ձեռք բերված խաղաղությունը մշտական հոգատարության կարիք ունի։ Խորհրդարանի նախագահի խոսքով՝ շատ կարևոր է տարբեր հարցերի նկատմամբ զգայունություն ցուցաբերելը։ «Ձեր նշած հայտարարությունները, սակայն, չեն նպաստում խաղաղությանը, դրանք անհիմն են», - ասել է Ռուբինյանը՝ հավելելով, որ այժմ Հայաստանը գտնվում է խաղաղության պայմաններում։
Սեպտեմբերի 12-ին Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների մի խմբի բերել էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող հանրահայտ հայկական Գանձասար եկեղեցի և այնտեղ, առանց որևէ հիմքի ու փաստերի, հայտարարել էր, որ այդ եկեղեցին «հին ալբանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն է»։


