



Արմինֆո. Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը քննադատել է օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին:
"Ստացվում է, որ տասնյակ օտարերկրյա դիվանագետներ համաձայնել են այցելել հայկական եկեղեցիներ, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես "ալբանական", եւ այս ամենը հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու Բաքվի շարունակական փորձերի ֆոնի՞ն: Բավականին մռայլ տեսք ունի", - գրել է նա Twitter-ի (X) իր միկրոբլոգում, արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը, ով օկուպացված Արցախում հայկական միջնադարյան Դադիվանք և Գանձասար վանքերը ներկայացրել է որպես ալբանական։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախ: Եղել են Շուշիում և Ստեփանակերտում, որտեղ ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը ջնջում է հայկական ողջ ներկայությունը, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ներքո ։ Մասնակիցների թվում էր նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ով լրագրողներին հաղորդել է Ադրբեջանից և օկուպացված Արցախից հետո Հայաստան այցելելու մտադրության մասին:


