
Արմինֆո. Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է "Եվրոպական պատկերացումները Հնդկաստանի մասին. տեքստեր, պատկերներ և հանդիպումներ"(«Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)») միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը։
ESIND-ը Եվրոպական միության European Cooperation in Science and Technology (COST) ծրագրի շրջանակում գործող միջազգային գիտական ցանց է, որը միավորում է տարբեր երկրների գիտնականների և հետազոտողների՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև պատմական, մշակութային և գիտական փոխառնչությունների բազմակողմանի ուսումնասիրման նպատակով։ ESIND COST Action-ի շրջանակում ակնկալվում է համատեղ հետազոտական ցանցերի ձևավորում, երիտասարդ հետազոտողների շարժունակության ընդլայնում, թվայնացված գիտական ռեսուրսների և տվյալների փոխանակում և նոր համատեղ նախագծերի ձևավորումը, որոնք ապագայում կարող են զարգանալ COST ցանցային համագործակցությունից դեպի ավելի լայն եվրոպական և միջազգային հետազոտական ծրագրեր։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժինը, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և արտերկրից ժամանած 55 հետազոտողներ և գիտնականներ։ Մասնակիցներին ողջունել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։ Նա ընդգծել է, որ համաժողովը հնարավորություն է ամրապնդելու Հայաստանի և Եվրոպայի գիտական համայնքների միջև կապերը և նոր բովանդակություն հաղորդելու հետագա համագործակցությանը։ «Նման բազմազգ գիտական միջավայրի ձևավորումն ինքնին վկայում է այն մասին, որ գիտական համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա ազգային ու տարածաշրջանային սահմաններից։ Մենք համոզված ենք, որ համատեղ գիտական աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն տարբեր երկրների, այլև տարբեր գիտակարգերի, մեթոդաբանությունների և գիտական ավանդույթների երկխոսություն։ Այս համատեքստում Արևելագիտության ինստիտուտը կարող է հանդես գալ որպես այդ երկխոսության հարթակ, իսկ երբեմն նաև կապող կամուրջ», - ասել է Գոհար Իսկանդարյանը։
Ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը՝ նա կարևորել է գիտական ուղղությունների բազմազանությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս տարածաշրջանային գործընթացներին մոտենալ ոչ միայն մեկ գիտակարգի կամ մեկ ժամանակաշրջանի տեսանկյունից, այլ համադրել պատմագիտական, աղբյուրագիտական, քաղաքական, սոցիալական, մշակութաբանական և աշխարհաքաղաքական մոտեցումները։
«Արևելագիտության ինստիտուտի գիտական ներուժը ներառում է տասնամյակների ընթացքում ձևավորված գիտական դպրոցներ, աղբյուրագիտական ավանդույթ և կուտակված գիտական ժառանգություն։ Վերջին տարիներին մենք ձգտում ենք ընդլայնել ինստիտուտի գործունեության շրջանակը և գիտական արդյունքները կապել միջազգային ու հանրային երկխոսության գործընթացների հետ։ Այս համատեքստում գիտական դիվանագիտությունը դարձել է մեր ինստիտուտի կարևոր ուղղություններից մեկը։ Մենք կարևորում ենք այն միջավայրը, որտեղ գիտական հետազոտությունը կարող է երկխոսության մեջ մտնել պետական քաղաքականության, դիվանագիտական փորձի և տարածաշրջանային գործընթացների մասնագիտական գնահատման հետ», - ասել է Գոհար Իսկանդարյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը նշել է, որ հայ և հնդիկ ժողովուրդների միջև կապերը ներառում են մշակութային առնչություններ, ավանդույթներ և մտավոր կյանքի զարգացում։ «Հայ-հնդկական դարավոր առնչությունները վկայում են մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմաշերտ կապերի մասին։ Այս միջոցառումը կնպաստի Հնդկաստանի հարուստ քաղաքակրթության, ժառանգության և ժամանակակից ձեռքբերումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանի, Հնդկաստանի և Եվրոպայի միջև ակադեմիական ու մշակութային արդյունավետ փոխանակումները», - ասել է Անահիտ Կարապետյանը։
ՀՀ-ում Հնդկաստանի հյուպատոս Ադիթյա Կումար Պանդեյը նշել է, որ համաժողովը կնպաստի Հնդկաստանի հարուստ քաղաքակրթության, ժառանգության և ժամանակակից ձեռքբերումների մասին իրազեկվածության բարձրացմանը։ «Հայաստանը պատմականորեն ծառայել է որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների և մտավոր ավանդույթների միջև՝ ձևավորելով երկխոսության համար նպաստավոր միջավայր։ Հնդկաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն ունեն երկար և հետաքրքիր պատմություն։ Մեր հասարակությունների փոխառնչությունները խթանել են փոխադարձ հետաքրքրություն՝ նպաստելով գիտական փոխանակումներին և Հնդկաստանի ու հնդկական քաղաքակրթության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների ձևավորմանը», - ասել է Ադիթյա Կումար Պանդեյը։