



Արմինֆո. Հայաստանի իշխանությունները նախատեսում են փոխել կառավարության անդամների և պատգամավորների երդման պաշտոնական տեքստը՝ այն հարմարեցնելով "իրական Հայաստան" հայեցակարգին: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" օրենքում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դաադունցի ասելով՝ երդման տեքստից հանվում են "ազգային արժեքների պահպանման" եւ "համազգային նպատակներին" ծառայելու մասին ձևակերպումները։ Պարտավորությունները փոխարինվում են պետական շահերի պաշտպանությամբ, սահմանադրական կարգի ամրապնդմամբ եւ աշխատանքով' ի շահ ներկա և ապագա սերունդների։ Տեքստն առաջարկվում է ավարտել "փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը" բառերով: "Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի իմ պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահերին, պաշտպանել պետական շահերը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների", - ասված է երդման նոր տեքստում:
Նախագծի կարգավորման նպատակն է կատարելագործել կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը: Առաջարկվող փոփոխությամբ երդման տեքստում առավել հստակ կարտացոլվեն պետականության ամրապնդմանը, հանրային և պետական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու հարատևմանն ուղղված արժեքները:


