



ԱրմԻնֆո. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի նախագահ, դոկտոր Լևոն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ երախտագիտություն է հայտնել այն բժիշկներին, որոնք երկար տարիներ հետևողական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի բժշկական հաստատություններին։
Ինչպես հայտնել են Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) մամլո դիվանից, հանդիպման շրջանակում Խաչատրյանը Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրել է Հայաստանում առողջապահության և մարդասիրական օգնության ոլորտներում ասոցիացիայի գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բժշկական ծառայությունների հասանելիության ապահովման և բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերին։
Գարեգին II-ը բարձր է գնահատել սահմանամերձ բնակավայրերում առողջական խնդիրներ ունեցող սոցիալապես անապահով հայերին և Հայաստանի բժշկական հաստատություններին ցուցաբերվող օգնությունը։ Նորին Սրբությունը նաև ընդգծել է հայ գործընկերների հետ մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ դա կնպաստի Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանը և բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։
Ամենայն հայոց կաթողիկոսը նաև երախտագիտություն է հայտնել պատվիրակության անդամներին, բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և բոլոր կազմակերպություններին ու անձանց, որոնց աջակցությամբ իրականացվում են ասոցիացիայի մարդասիրական ծրագրերը։ Հանդիպման ավարտին Գարեգին II-ը օրհնել է «Ֆրանսիական լույս» ասոցիացիային և ներկա բժիշկներին՝ մաղթելով նրանց հաջող առաքելություն և նորանոր հաջողություններ իրենց մարդասիրական ու բժշկական ծառայության մեջ։
Նշենք, որ «Ֆրանսիական լույս» ասոցիացիան ֆրանս-հայկական բարեգործական և բժշկական կազմակերպություն է։ Այն հիմնադրվել է 2021 թվականի փետրվարին՝ Հայաստանում երկարաժամկետ մարդասիրական, սոցիալական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։


