
ԱրմԻնֆո. Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Պետրին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ընթացքում հաստատել են քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության և փորձի փոխանակման ամրապնդման կարևորությունը։
Ինչպես ԱրմԻնֆոյին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Պետրին բարձր է գնահատել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության մակարդակը՝ նշելով, որ միջազգային և անդրսահմանային հանցավորության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է գերատեսչությունների միջև սերտ և անընդհատ համագործակցություն։ Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ գործնական կապերի ընդլայնմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքի ակտիվացմանը։
Վարդապետյանն իր հերթին բարձր է գնահատել ձևավորված գործընկերությունը և գործընկերոջ հետ քննարկել քրեական գործերով միջազգային իրավական օգնությանը վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև իրավական համագործակցությունն իրականացվում է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակում, այդ թվում՝ փոխադարձ իրավական օգնության, արտահանձնման, ինչպես նաև կիբերհանցավորության, կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ համաձայնագրերի շրջանակում։
Աղբյուրի համաձայն՝ առանձին ուշադրություն է դարձվել «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության հետ Հայաստանի համագործակցությանը։ «Նշվել է, որ 2024 թվականին ստորագրված համաձայնագրերը նոր հնարավորություններ են ստեղծել անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում գործնական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս համատեքստում կողմերը մատնանշել են քրեական վարույթի շրջանակում համակարգված փոխգործակցության կազմակերպման և համակարգող հանդիպումների անցկացման կարևորությունը»,- նշել են գերատեսչությունում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի դատախազության՝ միջազգային մասնագիտական ցանցերում և կառույցներում ներգրավվածության ուղղությունները։ Մասնավորապես, նշվել է Հայաստանի ներկայացվածությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեում, ինչպես նաև գերատեսչության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մի շարք մասնագիտական կառույցներում։
Բացի այդ, կողմերն անդրադարձել են Հայաստանի դատախազության կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստման աշխատանքներին, միջազգային և տարածաշրջանային մասնագիտական երկխոսության զարգացմանն աջակցելուն։ Այս համատեքստում ներկայացվել է Եվրոպացի դատախազների երկխոսության հայկական հարթակը (APEPD), որը միավորում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատախազությունների ներկայացուցիչներին, միջազգային և տարածաշրջանային կառույցների մասնագետներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։
Վարդապետյանն ու Պետրին ընդգծել են երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված գործնական կապերի մշտական զարգացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։