
ԱրմԻնֆո. Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել երկու պետությունների պաշտպանության գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լեհաստանի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը, ինչը թույլ կտա ապագայում շոշափելի արդյունքների հասնել ռազմական համագործակցության ոլորտում և բացել նոր հեռանկարային ուղղություններ։ Երկու պետությունների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների կանոնավորությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների վկայությունն են, այլև ապագայի ընդհանուր տեսլականը։
Այսպիսով, Լեհաստանի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունը նախադրյալ են երկու պետությունների միջև ամուր միջպետական կապերի ձևավորման, երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման ու խորացման, մասնավորապես՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական ոլորտում կառուցողական համագործակցության ձևավորման և հետագա ընդլայնման հիմքի ստեղծման համար։
ՀՀ պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում։ Դրա նպատակն է ռազմատեխնիկական ոլորտում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքների և ընթացակարգերի սահմանումը, որոնց համաձայն՝ Երևանն ու Վարշավան կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։ Փաստաթուղթը սահմանում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներն ու ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառքի կարգը, ինչպես նաև ստեղծվող հանձնաժողովի գործունեությանը վերաբերող դրույթները։ Այն նաև սահմանում է դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգը։
Համաձայնագրի վավերացումն ուղղված է առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և ամուր ու երկարաժամկետ հիմքի վրա համագործակցության խորացմանը՝ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման միջոցով։