



ԱրմԻնֆո. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները Բյուրեղավան համայնքում ջրի որակի որևէ շեղում չեն արձանագրել։ Այս մասին ասվում է Կենտրոնի հաղորդագրության մեջ։
Աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան համայնքի բնակիչները դիմել են բժշկական օգնության՝ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով։ Սեպտեմբերի 7-ի առավոտյան Կենտրոնի մասնագետները նմուշառում են իրականացրել։ Հետագա լաբորատոր հետազոտությունների համար վերցվել են խմելու ջրի և հիվանդներից կենսանմուշներ։ Խմելու ջրի նմուշառումն իրականացվել է 2 փուլով․ առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։ Այս պահին վերցված խմելու ջրի բոլոր նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշներում վարակիչ հարուցիչներ չեն հայտնաբերվել։
"Համաճարակաբանական հետաքննությունը շարունակվում է։ Մոնիթորինգի նպատակով նմուշառումը կշարունակվի։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի",- ասվում է Կենտրոնի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ 9 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում, 13-ը՝ ամբուլատոր։


