
ԱրմԻնֆո. «Մենք հանդիպում ենք այն պահին, երբ Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունները պատմության ամենաակտիվ, խոր և նշանակալի փուլերից մեկն են ապրում», - հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլակյանը՝ խորհրդարանում ընդունելով Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը։
Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացներին նվիրված դասընթացի բացմանը մասնակցելու համար։ Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, իր ողջույնի խոսքում Արուսյակ Ջուլակյանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի ներկայիս հարաբերությունները պարզապես դիվանագիտական կապերի ընդլայնում չեն, այլ ռազմավարական ընտրություն՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական կայունության և ժողովրդավարական ապագայի ամրապնդմանը։ Ընդգծելով տարածաշրջանում ԵՄ-ի առանցքային դերը՝ պատգամավորը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը որակել է որպես սահմանների անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովման հիմնաքայլ։
«Այս դասընթացը հիանալի հարթակ է Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ողջ ներուժը, մարտահրավերներն ու ապագայի տեսլականը խորապես հասկանալու համար», - դասընթացի մասնակիցներին դիմելով՝ ասել է Արուսյակ Ջուլակյանը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ դասընթացի մասնակիցների մասնագիտական գիտելիքները, քննարկումներն ու առաջարկությունները չափազանց կարևոր են երկրում իրականացվող արտաքին քաղաքականության և ներքին բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Դասընթացի մասնակիցներին ողջունել է նաև Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան ՊետրԺչիկը։ Նրա խոսքով՝ այցի նպատակն է նպաստել երկու երկրների միջև փորձի փոխանակմանը և ավելի սերտ համագործակցության ձևավորմանը։ Հանդիպման կարևոր թեմաների թվում են «Հայաստանի եվրոպական ձգտումները» և «Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհը»։
«Մենք հարգում ենք Հայաստանի եվրոպական ձգտումները և ցանկանում ենք ուղեկցել նրան այդ ճանապարհին», - ասել է Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը։
Լուչիան ՊետրԺչիկը ընդգծել է այս հարցում խորհրդարանական բարեկամության խմբերի համագործակցության կարևորությունը։