



ԱրմԻնֆո. Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական զորավարժությունների։ Թե ինչ զորավարժությունների մասին է խոսքը, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում չեն հայտնել։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Էդվարդ Ասրյանը նաև ներկա է գտնվել Կելցեի միջազգային սպառազինությունների ցուցահանդեսի բացման արարողությանը։
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը մի շարք հանդիպումներ է անցկացրել լեհական ռազմարդյունաբերական հատվածի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանական գերատեսչությունում նաև հայտնել են, որ հայկական պատվիրակությունը Լեհաստանում է գտնվում սեպտեմբերի 7-ից։
Նշենք, որ դեռևս ընթացիկ տարվա հուլիսին վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ 2026 թվականի աշնանը Լեհաստանում կանցկացվեն «ցանկացողների կոալիցիայի» առաջին ռազմական զորավարժությունները։ Նա այն ժամանակ նշել էր, որ լեհական զինված ուժերը հանդես կգան ինչպես ընդունող կողմի, այնպես էլ զորավարժությունների մասնակիցների դերում, դրանց կմասնակցեն նաև բրիտանական և ֆրանսիական ստորաբաժանումներ։ Նրա խոսքով՝ զորավարժությունները պետք է նախապատրաստեն Կիևին աջակցող երկրների խմբին «Ուկրաինայի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի համար անվտանգության կոնկրետ երաշխիքների»՝ խաղաղության համաձայնության կամ հրադադարի հասնելուց հետո։


