



Արմինֆո.Հայաստանի ազգային գրադարանում բացվել է նոր ընթերցասրահ՝ սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար: Ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար:
Դահլիճը հագեցած է աուդիոգրքերով, Բրայլյան գրատիպով և այլ այլընտրանքային հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով: Ներդրված միջոցներն ու տեխնոլոգիաները հնարավորություն կտան սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց ծանոթանալ և ուսումնասիրել տարբեր գրականություն, օգտվել տարբեր ձևաչափերով տեղեկատվական աղբյուրներից ՝ նպաստելով գրադարանային ծառայությունների առավել հարմարավետ, արդյունավետ և մատչելի կազմակերպմանը:
Միջոցառման ընթացքում խոսվել է նաև Ծիածան (Ջիա) Այվազյանի մասնագիտական ուղու և գործունեության մասին: Ավելի վաղ նա գրադարանին նվիրել էր մոտ 11 000 նմուշ գրականություն։ Հայ գրադարանավարների հետ սերտ համագործակցության և գրադարանային գործի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 1991 թվականին Հայաստանի ազգային գրադարանը նրան պարգևատրել է "Հակոբ Մեղապարտ" հուշամեդալով, ինչը Հայաստանում նրա գործունեության բարձր գնահատականն էր:


