



ԱրմԻնֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Բայրամովը։ Ընդ որում, նա չի նշել առաջիկա հանդիպման ամսաթիվը։
Ինչպես հաղորդում է APA-ն, Բայրամովը նաև հիշեցրել է, որ վերջին անգամ Արարատ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ կարծիքներ է փոխանակել Բիշքեկում:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը՝ նա պատմել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներ իրականացնել հյուսիսից հարավ ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից:
"Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ ։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ պարոն Շահին Մուստաֆաևը: Կանոնաավոր անցկացվում են հանձնաժողովների հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանում նույնպես համապատասխան հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետը",-նշել է Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:
"Պայմանավորվածություն կա այն մասին, թե մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը ինչ ուղղությամբ պետք է սկսվի և շարունակվի։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կընթանան հյուսիսից հարավ", - հայտարարել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նա նաև հավելել է, որ այս կամ այն բնակավայրերին առնչվող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում։


