



ԱրմԻնֆո: Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև: Խորհրդակցությունները վարել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Անի Ավետիսյանը և Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Մոհամմեդ Բահր Ալ-Ուլումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի հետագա խորացման ուղիները:
Զրուցակիցները նաև անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը, ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությանը, իրավապայմանագրային շրջանակի ընդլայնմանը և միջազգային հարթակներում ավելի սերտ համագործակցությանը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների, ինչպես նաև միջազգային օրակարգում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
Քաղաքական խորհրդակցություններից հետո տեղի է ունեցել երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն, ինչպես նաև Իրաքի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրեր:


