



Արմինֆո. Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստերչիլի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայի խորհրդարանի երեք փոխնախագահներ:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշով, որի ընթացքում Սենատի նախագահը, ողջունելով ՀՀ նախագահի Պրահա կատարած պաշտոնական այցը, շնորհակալություն է հայտնել Սենատ այցելելու հնարավորության համար:
Իր ելույթում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման ոլորտները՝ ընդգծելով խորհրդարանական համագործակցության ընդլայնման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կարևորությունը:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի հարաբերություններին հարևանների հետ: Այս համատեքստում ՀՀ Նախագահը ընդգծեց, որ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքների նկատմամբ Հայաստանի հայեցակարգային մոտեցումը խաղաղ համակեցությունն է, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, հարևանների և տարածաշրջանի բոլոր երկրների հետ առճակատման բացառումը, ինչպես նաև նրանց հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը։


