



ԱրմԻնֆո. Սպիտակի երկրաշարժի գոտում բնակվող 15 ընտանիք կկարողանա օգտվել պետական բնակարանային օգնության ծրագրից: Կառավարության սեպտեմբերի 3-ի որոշմամբ կհատկացվի 107.8 միլիոն դրամ՝ այդ ընտանիքներին բնակարանային վկայականներ տրամադրելու համար:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ այս ընտանիքները նախկինում տարբեր պատճառներով դուրս էին մնացել ծրագրից, և նրանց իրավունքները վերականգնվել են միայն դատարանի որոշումից հետո:
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41-ին և խլել է առնվազն 25,000 մարդու կյանք: Սպիտակ քաղաքում գտնվող էպիկենտրոնում ուժգնությունը հասել է 10 բալ 12 բալանոց սանդղակով: Լենինականում (Գյումրու) ուժգնությունը կազմել է 9 բալ Ռիխտերի սանդղակով, իսկ Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալ: Աղետը ընդգրկել է Հայաստանի տարածքի մոտ 40%-ը՝ ավերելով Սպիտակ քաղաքը և հսկայական վնաս հասցնելով այլ բնակավայրերին: Հարյուր հազարավոր բնակիչներ մնացին անօթևան։


