


Արմինֆո.Արցախի խորհրդարանը շարունակում է գործել Ազգային ժողովի նախագահի հրաժարականից հետո առաջացած ճգնաժամի պայմաններում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը՝ Երեւանում ԼՂՀ ներկայացուցչությունում անկախության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
"Մենք շարունակում ենք պատասխանատվություն կրել բռնի տեղահանված Արցախի ժողովրդի ձայնը հնչեցնելու համար ՝ հանուն մեր հավաքական իրավունքի պաշտպանության։ Հաշվի առնելով ստեղծված աննախադեպ ծանր պայմանները, Ադրբեջանի կողմից Արցախի ողջ տարածքի օկուպացիան և հայաթափումը, Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշումները և պետական կառավարման ռեսուրսների ու գործիքների բացակայության պայմաններում մենք այս փուլում անհնար ենք համարում նոր և արդար ընտրությունների կազմակերպումը", - ասել է Բաղունցը։
Նա վերստին ընդգծել է, որ խորհրդարանը շարունակելու է գործել ընթացիկ կազմով, և բարենպաստ պայմանների առկայության դեպքում կկազմակերպվեն համապատասխան ընտրական գործընթացներ:
Նշենք, որ 2026 թվականի հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ում վրա դրվել էին նաեւ նախագահի գործառույթները, հայտարարել էր հրաժարական տալու իր որոշման մասին: Աշոտ Դանիելյանը խորհրդարանի նախագահ էր ընտրվել 2025 թվականի մայիսի 21-ին (փոխարինելով ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բաղունցին, քանի որ ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը կալանավորվել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի աշնանը)։


