


ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի տոնակատարության կապակցությամբ նախատեսվում է մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով արցախցիները կվերահաստատեն իրենց ինքնության իրավունքը: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 10:00-ին տեղի կունենա այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ կդրվեն «Արցախի կանչը» հուշահամալիրում: Ժամը 16:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության շենքում կկայանա հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին: Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում կանցկացվի մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ: «Մենք ձեզ հրավիրում ենք երեկոյի՝ միասին նշելու այս պատմական ամսաթիվը», - ամփոփել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):


