
Արմինֆո. Հայաստանում ստեղծվել է "Բարգավաճ Հայաստան " կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե
«Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների։
Միաժամանակ ընդգծում ենք՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեն միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն չէ։ Ցավոք, Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և ազատությունից զրկված անձանց վերաբերյալ խնդիրները։ Մենք այս ամենը դիտարկում ենք որպես մեկ ընդհանուր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ։ Մեր պայքարը արդարության, օրենքի գերակայության և մարդու արժանապատվության պաշտպանության համար է», - ասվում է Գագիկ Ծառուկյանի պաշպանության հանրային կոմիտեի հայտարարությւոնում։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ օրինականացնելու (լվանալու) համար։ Քննության վարկածով՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձինք, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել ՝ ապօրինի որսի համար: Հուլիսի 7-ին դատարանը բավարարել է Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։ Գործի շրջանակներում հուլիսի 6-ին իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Ծառուկյանի հետ կապված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո բոլոր ձեռնարկությունների դռները կապարակնքվել են։ Դրանց մի մասը ազգայնացվել է պետության կողմից։