


ԱրմԻնֆո. Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկություններ չունի Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորածների թվում Հայաստանի քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Այս մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հայաստանի քաղաքացիների առկայության վերաբերյալ տվյալներ չկան»,- ասել է նա։ Նշենք, որ ավելի վաղ Նեպալի զբոսաշրջության վարչությունը հայտնել էր, որ զբոսաշրջային ընկերություններից ստացված նախնական տվյալների համաձայն՝ տուժած շրջաններում անհետ կորել է 384 զբոսաշրջիկ, այդ թվում՝ 291 օտարերկրյա քաղաքացի և 93 նեպալցի։
Գերատեսչության տվյալներով՝ անհետ կորել են Հնդկաստանի ավելի քան հարյուր քաղաքացիներ, 17 մալայզիացի, 12 բրիտանացի, չորս հարավաֆրիկացի, երեք ամերիկացի, մեկ ավստրալիացի և մեկ նիդեռլանդացի։ Եվս 111 անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունը դեռևս հաստատված չէ։ Նեպալի Ռասուվա շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով կտրուկ բարձրացել է Տիբեթի լեռներից հոսող Բհոտե-Կոշի գետի ջրի մակարդակը։ Ջրհեղեղը շրջանում լուրջ ավերածությունների է հանգեցրել։



