


Արմինֆո.Հայաստանի Պաշտպանության նախարարությունը եւ Քննչական կոմիտեն հանդես են եկել Ճամբարակում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հերթական հերքմամբ։
«Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել: «Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ», - ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ քննչական կոմիտեի համատեղ հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր Ճամբարակում զինծառայողներին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ վարորդի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին:
Հիշեցնենք, որ Ճամբարակում վրաերթի հետևանքով զինծառայող է մահացել, ևս մի քանի զինծառայողներ վնասվածքներ են ստացել: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:
Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ Ճամբարակում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստացած երեք զինծառայողներ հետազոտվել են և բժշկական միջամտության կարիք չունեն:



