
ArmInfo. Պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի և Բաքվի բանտերից ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալներն ու պատանդները, քանի դեռ Հայաստանը պաշտպանված ու անվտանգ չի դարձել, քանի դեռ Արցախից մեր հայրենակիցները չեն վերադարձել իրենց տներ ու չեն վերականգնել իրենց բնականոն կյանքը: Այս մասին ասված է «Հայակվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ուղերձում:
«Ինչպես ձեզանից շատերն արդեն գիտեն, երկամսյա անօրինական կալանքից հետո երեկ Երևանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, վերացրեց իմ ձերբակալման որոշումը և ազատ արձակեց ինձ դատարանի դահլիճից: Սա կարևոր հանգրվան է, որը ցույց է տալիս, որ մեր հասարակության դիմադրության ոգին կոտրված չէ, և իրավական ու քաղաքական ոլորտներում միավորված հետևողական պայքարը վերջապես իր պտուղներն է տալիս: Այս գործում իրենց դերն են ունեցել շատ մարդիկ, և ես ցանկանում եմ նրանց հայտնել իմ երախտագիտությունը՝ իմ ընտանիքի անդամներին և հատկապես իմ հերոս կնոջը, ով պայքարի այս փուլում իր վրա է վերցրել թերևս ամենածանր բեռը; պաշտպանության հանձնաժողովի բոլոր անդամներին, ովքեր այս ընթացքում հասարակական ոլորտում հետևողական, լայնածավալ և արդյունավետ աշխատանք են տարել; պաշտպանական խմբի բոլոր անդամներին, ովքեր արտաքին աշխարհի հետ միակ կապն էին և ողջ այս ընթացքում ապահովում էին բարձրորակ իրավական պաշտպանություն;
«Հայակվե» նախաձեռնության մեր բազմաթիվ ընկերներին, ովքեր միասնության և կազմակերպված պայքարի բացառիկ օրինակ ցուցադրեցին;
հասարակական ոլորտում մեր բազմաթիվ գործընկերներին, քաղաքական և հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, ովքեր այս օրերին հայտնեցին իրենց աջակցությունը;
բարի կամքի այն բազմաթիվ մարդկանց, ում հանդիպեցի կալանավայրում, և ովքեր չէին քաշվում ցուցադրելու իրենց աջակցությունը՝ դրանով իսկ թեթևացնելով կալանքի բեռը;
և, վերջապես, մեր բոլոր կողմնակիցներին ու բարերարներին, ովքեր այս ընթացքում ինձ աջակցում էին բարի խոսքով, շարունակում էին մեզ սատարել կարեկցանքով, ուշադրության զանազան նշաններով՝ դրանով իսկ իմաստ հաղորդելով այն ճանապարհին, որով շարունակում ենք ընթանալ»,- նշել է Չալաբյանը:
Նա հավելել է, որ միգուցե այս երախտագիտության խոսքերն անվերջ են, և դրանք չեն կարող արտահայտել մարդկային անսահման երախտագիտության զգացումը, երբ չորս նեղ պատերի մեջ զգում ես, որ մենակ չես, որ դրսում մարդիկ սպասում են քեզ և ակտիվորեն պայքարում են դրա համար: «Սակայն այս պայքարն ամենևին էլ ավարտված չէ և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի և Բաքվի բանտերից ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալներն ու պատանդները, քանի դեռ մեր երկիրը պաշտպանված ու անվտանգ չի դարձել, քանի դեռ Արցախից մեր հայրենակիցները չեն վերադարձել իրենց տներ ու չեն վերականգնել իրենց բնականոն կյանքը: Այս ամենը դեռ առջևում է, և մինչ այդ ես խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առաջ, ովքեր կրել են այս ծանր բեռը՝ պայքարը, որն ընկել է մեզ վրա այս բոլոր տարիներին, ովքեր դեռ այսօր էլ կրում են այն, կամ ովքեր հույսով դիտում են մեզ երկնքից: Ես շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, թող Աստված մեզ օրհնի»,- ընդգծել է հասարակական-քաղաքական գործիչը: