


Արմինֆո. "ՀայաՔվե" շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել կալանքից: Համապատասխան որոշումը կայացրել է Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:
Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պահանջել է փոխել խափանման միջոցը՝ ազատությունը չսահմանափակողով, մեղադրող կողմն էլ, իր հերթին, պահանջել է երկարաձգել կալանքի ժամկետը: Դատավորը որոշել է, որ կալանքը երկարաձգելու հիմքեր չկան, ինչպես որ չկա խափանման այս կամ այն միջոցի որևէ անհրաժեշտություն: Դատական նիստի ընթացքում փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել է, որ Ավետիք Չալաբյանի կալանավորումը առողջական վիճակի պատճառով ավելի շատ պատժի է նման: Բացի այդ, նա ներկայացրել է Ավետիք Չալաբյանի անչափահաս երեխայի առողջական խնդիրների առկայությունը հավաստող փաստաթղթեր: Փաստաբանը հայտարարել է, որ իրենք կարող են 15 միլիոն դրամի չափ գրավ մուծել, ինչին դատավորը կեսկատակ պատասխանել է, որ 15 միլիոնը Չալաբյանի համար փող չէ:
Մինչդեռ, դատախազը հայտարարել է, որ խափանման միջոցը փոխելու հիմքեր չկան։ Մեղադրող կողմի խոսքով՝ առկա է մեղադրյալի փախուստի վտանգ, կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացնելով, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը:



