


Արմինֆո. "ՀայաՔվե" քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում: Այդ մասին օգոստոսի 21-ին Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է Չալաբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը, հայտարարել է նրա տիկինը՝ Անահիտ Ադամյանը։
Նրա խոսքով ՝ գործն ինքնին ապօրինի է, Էլ չասած Չալաբյանի նկատմամբ այնպիսի անհամաչափ խափանման միջոց կիրառելու մասին, ինչպիսին կալանավորումն է: "Մենք հավաքվել ենք այստեղ մեր համերաշխությունը հայտնելու Ավետիքին և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան", - ասել է Անահիտ Ադամյանը, հավելելով, որ Չալաբյանն արդեն 2 ամիս կալանքի տակ է: Նա նշել է, որ այս պահի դրությամբ երկրում հարյուրավոր քաղբանտարկյալներ կան։
"Ամուսնուս գործում ոչ մի իրական մասնագիտական կամ իրավական բաղադրիչ չկա. ամեն ինչ հիմնված է իշխանությունների քաղաքական պատվերի վրա։ Չնայած այդ անօրինական գործողություններին, տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակմանը, մեր նպատակը մնում է անփոփոխ ՝ ավարտին հասցնել "ՀայաՔվեի" սկսած ծրագրերն ու նախաձեռնությունը", - հայտարարել է Անահիտ Ադամյանը, նշելով, որ Ավետիք Չալաբյանը դասական քաղբանտարկյալ է:
Նշենք, որ դատարանի դիմաց հավաքվել է "ՀայաՔվե" նախաձեռնության համակարգողի աջակիցների մեծ խումբ, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան:
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների ՝ 2026 թվականի մայիսին Չալաբյանը մեկնել և հանդիպել է այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, ինչպես նաև իրենց նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու փաստով շահագրգռելու միջոցով նրանց դրդել է, որպեսզի նրանք, օգտագործելով իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, խոչընդոտեն 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:



