


Արմինֆո.Անհայտ կորած անձանց հարազատները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ ստեղծել են համահայկական ասոցիացիա, որը միավորում է 1990-ականներից և 2020 թվականից հետո անհայտ կորած հարազատ ունեցող ընտանիքներին։ Այդ մասին հաղորդում է ԿԽՄԿ երևանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
«Ասոցիացիայի առաքելությունն ու նպատակն են մեկ հարթակում համախմբել, պաշտպանել ընտանիքների իրավունքներն ու շահերը և նպաստել անհայտ կորած անձանց ճակատագրերի ու գտնվելու վայրի պարզաբանմանը», - ասվում է հաղորդագրությունում։
Հավելենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, ընդ որում, շուրջ 300 մարդ սկսել է այդպիսին համարվել 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշունն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին ռազմական գործողություններից հետո։ Բոլոր տվյալները ԿԽՄԿ-ը հավաքել է անհետ կորածների հարազատների դիմումների հիման վրա։ ԿԽՄԿ-ից նաև հաղորդել են, որ այդ 300 անձանց թվում կան մի քանի տասնյակ դիմումներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ ընտանիքը չի համաձայնել պետության ներկայացրած ԴՆԹ տվյալների հետ:



