


ԱրմԻնֆո. Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կմասնակցի ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլոբալ աշխարհագրական տեղեկատվության կառավարման տարածաշրջանային կոմիտեի 15-րդ լիագումար նիստին: Նրա պատվիրակության վերաբերյալ որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառումը տեղի կունենա Չինաստանի Սանյա քաղաքում: Կադաստրի կոմիտեի ղեկավարը Չինաստանում կլինի սեպտեմբերի 21-ից 25-ը:
ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գլոբալ աշխարհագրական տեղեկատվության կառավարման տարածաշրջանային կոմիտեի 15-րդ լիագումար նիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 21-ից 24-ը Սանյայում (Չինաստանի Հայնան նահանգ): Նիստը անցկացվում է Կայուն զարգացման և կլիմայի նկատմամբ դիմադրողականության համար աշխարհագրական գիտելիքների և նորարարության միջազգային սիմպոզիումի հետ համատեղ: Միջոցառման նպատակն է համակարգել աշխարհագրական տարածական տվյալների կառավարումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, քննարկել աշխատանքային խմբերի և Գործադիր բյուրոյի առաջընթացը, ինչպես նաև ամրապնդել աշխարհագրական տարածական տեղեկատվության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու և կլիմայի փոփոխությանը հարմարվելու գործում։



