


Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են սպասվում։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան հաճախակի դարձած դեպքերի առնչությամբ պետության միջոցառումների վերաբերյալ լրագրողների հարցին։
Նշենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդել է զինվորի մահվան մասին, ում դին գտել էին հրազենային վնասվածքով ։ Տարեսկզբից ի վեր սա արդեն 31-րդ դեպքն է, ընդ որում, 11-ը համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Այսօրվա դեպքի հանգամանքները պարզվում են։
Վարչապետը պատմել է, որ այսօր առավոտյան կառավարության նիստից առաջ քննարկումներ են տեղի ունեցել պաշտպանության նախարարի հետ, ինչից հետո որոշում է կայացվել կադրային փոփոխություններ կատարել Ռազմական ոստիկանության կառուցվածքում և Բարոյահոգեբանական կառավարման վարչությունում: "Մենք մտադիր ենք մանրամասն վերլուծություն կատարել, թե ինչու այդ ուղղությամբ ջանքերը ցանկալի արդյունքների չեն հանգեցնում", - ասել է նա, նշելով, որ տեղի ունեցածի համար պաշտոնատար անձինք անձնական պատասխանատվություն կկրեն: Ընդ որում, կառավարության ղեկավարը նշել է, թե չի կարծում, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը բավարար ջանքեր չեն ներդնում այդ խնդրի լուծման համար։



