


Արմինֆո.ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին հաղորդում է "Հրապարակ" թերթը։
Աշոտ Զաքարյանը, ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:
Այսօր ճեպազրույցում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին: Փաշինյանը հաղորդել էր, որ հարցը քննարկել է Պաշտպանության նախարարությունում, և առաջիկայում կադրային որոշումներ կկայացվեն մեղավորների նկատմամբ: "Ես արդեն որոշում եմ կայացրել․ փոփոխություններ կլինեն Ռազմական ոստիկանությունում, փոփոխություններ կունենանք բարոյահոգեբանական աջակցության վարչությունում։ Մենք մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերը ցանկալի արդյունք չեն տալիս։ Եզրակացություններ կարվեն, և, այո, պետք է լինի անհատական պատասխանատվություն ։ Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ հարցը լուծելու համար", - հայտարարել էր կառավարության ղեկավարը։



