


Արմինֆո."Ստորագրված փաստաթղթերում, հայտարարություններում և նախագծերում դուք չեք հանդիպի "Զանգեզուրի միջանցք" անվանմանը. քաղաքական հռետորաբանության մակարդակով շատերը կարող են ինչ ասես ասել": Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանն օգոստոսի 12-ին ճեպազրույցում լրագրողներին այդպես է մեկնաբանել Ադրբեջանում "Զանգեզուրի միջանցքի" մասին գնալով ավելի հաճախ հնչող հայտարարությունները։
"Մենք էլ ենք ասում, որ Հայաստանի տարածքում այդպիսի անվանմամբ ենթակառուցվածք գոյություն չունի։ Հայաստանի տարածքում կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությունները", - նշել է նա։ Եղոյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հետագայում ստորագրված փաստաթղթերում ևս նման արտահայտություն չկա:
TRIPP-ի շրջանակներում ենթակառուցվածքի շինարարության մեկնարկի ժամկետների վերաբերյալ խորհրդարանականը նշել է, որ կոնկրետ տեղեկություն չունի այդ մասին, սակայն հաղորդել է, որ աշխատանքներն ընթանում են ողջ թափով: "Հիմա, թե երբ առաջին քարը կդրվի, դժվար է ասել, բայց ամեն ինչ ընթանում է նորմալ, կանխատեսելի գրաֆիկով", - վստահեցրել է Եղոյանը:
Հիշեցնենք, որ TRIPP ծրագիրը (Trump Route for International Peace and Prosperity - Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային միջանցք ստեղծելու աշխարհաքաղաքական նախաձեռնություն է ։ Նախագիծն ուղղված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջեւանի հետ կապելուն և Միջազգային առևտրային ցանցերին ինտեգրմանը:



