


Արմինֆո.Արդեն որերորդ օրն է՝ նոր Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ժխտում է ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, այլ նաև այն փաստը, որ դա ճանաչված է նաև միջազգային մի շարք կառույցների կողմից: Այդ մասին սոցիալական ցանցերում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ ինքը քաղաքական բանտարկյալ է ճանաչվել ինչպես եվրոպական իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի կողմից, այնպես էլ աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկի՝ Կենտրոնամետ դեմոկրատների միության կողմից՝ առանձին բանաձևերով:
«Իհարկե վատ է, որ մնացյալ քաղբանտարկյալների մասին միջազգային կառույցները լռում են, բայց փախնել այն իրականությունից, որ այո՛, Հայաստանում կան քաղբանտարկյալներ և գոնե Աշոտյանի դեպքով միջազգային ճանաչում ունի այդ փաստը, իշխող կուսակցությունը չի կարող:
Ի դեպ, Աշոտյանի դեմ երկրորդ շինծու քրեական գործի առիթով նույնպես Կենտրոնամետ դեմոկրատների միությունը համապատասխան պաշտոնական կարծիք հայտնել է՝ կրկին պնդելով Աշոտյանի քաղբանտարկյալի կարգավիճակը։ Զարմանալի է իհարկե, որ խորհրդարանական ընդդիմության որևէ ներկայացուցիչ կոնկրետ այս փաստը չհիշեց կամ չհիշատակեց այդ նիստերի ընթացքում», - նշել է քաղաքական գործիչը։



