
Արմինֆո. Ազգային ժողովի այսօրվա նիստում գաղտնի քվեարկությամբ Արամ Վարդևանյանն ընտրվել է խորհրդարանի փոխնախագահ: Նրա թեկնածությունը պաշտպանել է 53 պատգամավոր, այդ թվում՝ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչները։
Այդ առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ կառավարող մեծամասնության կողմից քվեարկության նման ելքը որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության:
Ավելին, Վարդևանյանը նկատել է, որ խորհրդարանի փոխնախագահներից մեկի պաշտոնը ընդդիմության ներկայացուցչի համար նախատեսված է Ազգային ժողովի կողմից, իսկ նրա լեգիտիմությունը, նրա ասելով, հաստատված է նաև ընդդիմադիր ուժերին սատարած հայրենակիցների ձայներով:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նա վարելու է նիստեր, պատգամավորը նշել է, որ, Ազգային ժողովի կանոնադրության համաձայն, դա բխում է Ազգային ժողովի նախագահի կողմից գործիքակազմի իրացումից: Միևնույն ժամանակ, վկայակոչելով իր ելույթը, Վարդևանյանը կրկնել է, որ նման սցենարը քիչ հավանական է համարում:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև, թե արդյոք նա տարօրինակ չի համարում, որ իր թեկնածության շուրջ երեք օր տևած սուր քննարկումներից հետո կառավարող մեծամասնությունն, ի վերջո, սատարել է իրեն: ԱԺ փոխնախագահը նշել է, թե կցանկանար, որ քննարկման թեմա լինեին իր կողմից առաջարկված հանրային նշանակության խնդիրների կոնկրետ լուծումները, կոնկրետ իրավական հարցերն ու ծրագրային մոտեցումները: "Բայց այդպես չեղավ, քննարկման առարկան ավելի շատ իմ անձն էր, ինչի անհրաժեշտությունը չեմ տեսնում", - ասել է Վարդևանյանը:
"Քաղաքացիական պայմանագրի" կողմից իր թեկնածությունը պաշտպանելու պատճառների վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու խնդրանքին պատգամավորը դժվարացել է պատասխանել: Ընդ որում, Վարդեւանյանը նշել է, որ որոշակի պատկերացումներ ունի այդ մասին, մասնավորապես, հղում անելով առկա սահմանադրական կարգավորմանը, որը նախատեսում է Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի ընտրություն ընդդիմադիր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվից:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ "Քաղաքացիական պայմանագրից" ԱԺ փոխնախագահներ էին ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը: Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ էր դարձել կառավարող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը: