


Արմինֆո: Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծման պաշտոնական արարողությունը: Այս մասին ասվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են խմբի նախագահ, պատգամավոր Մարիա Լուիզա Գոնսալես Էստևարենան, խմբի անդամները, Պատգամավորների պալատի միջազգային և ինստիտուցիոնալ հարաբերությունների վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը և դեսպանատան երրորդ քարտուղար Ռուզաննա Ազրոյանը:
Դեսպան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Գոնսալես Էստևարենային Արգենտինա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաև այլ պատգամավորների՝ խմբին միանալու համար: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց խմբի նախկին նախագահ, պատգամավոր Լիլիա Լեմուանին՝ վերջին երկու տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ և սերտ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-արգենտինական միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման գործում։
Մասնավորապես, քննարկվեցին խորհրդարանական բարեկամության խմբի շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ուրվագծվեցին ապագա համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Երկու կողմերն էլ նշեցին Արգենտինայի հայ համայնքի նշանակալի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամության, փոխըմբռնման և բազմակողմանի համագործակցության ամրապնդման կարևոր կամուրջ։
Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը, որը կնպաստի Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը։



