


Արմինֆո. Անցել է երկու շաբաթ, սակայն "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքը, որը ենթակա է անհապաղ քննության, մինչ օրս չի մակագրվել Վերաքննիչ դատարանի որեւէ դատավորի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
«Պատճառը` այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան: Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից:
Արդեն համապատասխան գրությամբ դիմել ենք դատարանի նախագահին պարզաբանելու այս անհարկի ձգձումը: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար», - գրել է Սողոյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տվյալներով, վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակում): Քննչական գործողություններն իրականացվել են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ կալանավորվել էր "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու համար, որոնք ներկայացվել են խորհրդարանում դռնփակ խորհրդակցության ժամանակ: Հուլիսի 9-ին դատարանի որոշմամբ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։ Պաշտպանական կողմն անհիմն է համարել Մաունկյանին առաջադրված մեղադրանքը։



