


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև այսօր ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը վավերացրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Փաստաթուղթը նախատեսում է փորձի փոխանակում, Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների խրախուսում, ինչպես նաև ազգային կրթական համակարգերի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնում։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվում են խթանել կրթական, գիտական և նորարարական հաստատությունների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը և ընդլայնել համատեղ մասնակցությունը միջազգային կրթական ու գիտական ծրագրերին։
Ողջունելով Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ստորագրված համաձայնագիրը ստեղծում է ամուր ինստիտուցիոնալ հիմք երկարաժամկետ գործընկերության համար։



