


ԱրմԻնֆո. Հուլիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Համիդ Ղանբարիի հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը, մասնավորապես՝ ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է միջտարածաշրջանային նոր հաղորդակցական նախագծերի իրականացման հնարավորությունների կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին: Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանը ուշադիր հետևում է իրավիճակին՝ մեծ նշանակություն տալով խաղաղության հաստատմանը և առկա խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-իրանական օրակարգի հարցերը և ընթացիկ աշխատանքները: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:



