


Արմինֆո.Սույն թվականի հուլիսի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական գերատեսչության ներկայացուցիչներ։
ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկական, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման, ազգային գեոպորտալին ինտեգրման և դրանց արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել պետական մարմինների միջև տեղեկատվական համակարգերի փոխգործակցության ապահովմանը և ենթակառուցվածքների վերաբերյալ արդիական և ամբողջական տվյալների հասանելիության կարևորությանը։ Նշվել է, որ տարածական տվյալների միասնական կառավարման համակարգը հնարավորություն կտա բարձրացնել ենթակառուցվածքների պլանավորման և շահագործման արդյունավետությունը, ինչը կնպաստի ավելի որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։
Քննարկման մասնակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ հանրային ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման ուղղությամբ։



